22:17   31-10-2020
Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում. Արծրուն Հովհաննիսյան
Թողնել մեկնաբանություն

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմին հաջողվել է ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունենալ որոշակի առաջխաղացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտվանից Ադրբեջանը սկսել է հարձակողական գործողությունները ռազմաճակատի  գրեթե ողջ երկայնքով:

«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:

«Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավական շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Loading...