Արցախի բնակիչները դրական տրամադրվածությամբ են դիմավորել իրենց տարածաշրջան ժամանած ռուս խաղաղապահներին, այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, գրում է gazeta.ru կայքը:
«Տեղի բնակիչները շատ դրական տրամադրվածությամբ են դիմավորել մեր խաղաղապահ զորախմբին: Հույս ունեն, որ մեր ժամանմամբ կրկին խաղաղություն կհաստատվի»,- նշել է գնդապետը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտն աստիճանաբար իր բնականոն կյանքին է վերադառնում: Արցախի բնակիչների համար Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումներ են կազմակեպվել:
Պոլյուխովիչը մանրամասնել է, որ քաղաքացիական տրանսպորտը շարժվում է բացառապես խաղաղապահների ուղեկցությամբ:
«Մեզ պաշտպանված զգացինք, երբ ասացին, որ խաղաղապահներ են այստեղ գալիս, թեթևությամբ շունչ քաշեցինք, որ բոլոր դեպքերում մեզ պաշտպանում են»,- պատմել է Ստեփանակերտի բնակչուհի Նատալյա Պետրոսյանը: