18:52   17-11-2020
2021 թ. համար նախանշված ՀՆԱ աճը կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերում. ԿԲ նախագահ
Թողնել մեկնաբանություն

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում ներկայացրեց 2021 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը։

Ըստ Գալստյանի՝ ՀՀ Կառավարության 2021 թ. մակրոտնտեսական կանխատեսումները ընդհանուր առմամբ բավականին մոտ են ԿԲ-ի գնահատականներին, ըստ որի շարունակվելու է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիան և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը։

«Համաձայն պետական բյուջեի հիմքում դրված ներկա սցենարի՝ 2021 թ. համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճ՝ 3,2 տոկոս, որն առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերում աճելով։ Հատկանշական է, որ տնտեսական աճի նախկինում ներկայացված սցենարը՝ 4,8 տոկոս, վերանայվել է, իր վրա կկրի ինչպես պահպանվող արտաքին թույլ պահանջարկի, այնպես էլ ռազմական դրության և կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական ազդեցությունները։ Գնահատվում է, որ համախառն պահանջարկը 2020 թ. համեմատ կդրսևորի վերականգնման միտումներ՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական և թե՛ ներդրումային ծախսերի աճով։ 2020 թ. ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թ. որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով։ Ինչպես համավարակի և ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թ. կապիտալ պետական ներդրումների թերակատարումների ազդեցությամբ կդիտարկվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ։ 2021 թ. համար չափազանց կարևորում ենք ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը»,- ասաց Գալստյանը։

Loading...