12:17   21-11-2020
Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման բանաձև է ընդունել՝ Ֆրանսիայի իշխանություններին կոչ անելով հետևել իր օրինակին
Թողնել մեկնաբանություն

Մարսելի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ, որով Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

Մարսելի քաղաքային խորհրդում բանաձևը ներկայացվել է Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով:

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Արցախի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով: Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով: Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակել իրենց անկախությունները»,- ասված է բանաձևում:

«Միջազգային հարթակում ստեղծվեց Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։ 2016-ի, ինչպես նաև 2020թ հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Արցախի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը: Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները»,- նշված է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևում:

Քաղաքային խորհրդի անդամներն ընդգծում են, որ Ֆրանսիայի բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան:

«Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե Ֆրանսիայի և թե ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին: Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի  ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Արցախի հայ բնակչության պաշտպանությունը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և գտնել տևական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական»,- հայտնել են խորհրդի անդամները, նշելով, որ սրանք են այն պատճառները, որոնք մղում են քաղաքային խորհրդին առաջարկել ընդունել բանաձևը:
Մարսելի քաղաքային խորհրդի անդամները Ֆրանսիային կոչ են արել ճանաչել Արցախը:
«Այս ճանաչումը կոչված է լինել նրա բնակչության անվտանգության ու տարածաշրջանային կայունության գրավականը և կդառնա խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխավորներից մեկը կլինի մեր երկիրը»,- նշված է բանաձևում:

Loading...