10:21   23-11-2020
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն կհիմնվի
Թողնել մեկնաբանություն

Շրջակա միջավայրի նաշխարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն հիմնել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ուշադրությունը։ Սա հրաշալի հնարավորություն է կյանքի կոչել ձեր համարձակ մտահղացումները, նորարարական մոտեցումները և նորովի ներկայանալ հանրությանը ձեր ճարտարապետական տեսլականով։

Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների և պետական գերատեսչության միջև։

Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում և կենտրոնի հիմնման համար նախապես ընտրված 2-3 տարածքներից առավել համապատասխան և նպատակահարմար տարածքի ընտրություն։

Նախագծով հետաքրքրված և շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են կապ հաստատել [email protected] հասցեով կամ 093 54 99 55 հեռախոսահամարով։

Նշենք, որ նախագծի այս փուլում նախարարությունն ակնկալում է հետաքրքրություն հայտնած մասնակիցների կամավոր աջակցություն, իսկ հետագա փուլերում «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ընթացակարգերին համապատասխան կհայտարարվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։

Loading...