19:17   23-11-2020
ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանարապետության կառավարության կողմից տրամադրվող միանվագ դրամական աջակցության համար արդեն դիմել է Արցախում հաշվառված շուրջ 5000 քաղաքացի, 2000 դիմում արդեն հաստատվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը՝ անդրադառնալով Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ծրագրին:

«Այս պահին ծրագրից օգտվելու համար դիմել է շուրջ 5000 հոգի, որից 2000 դիմում արդեն հաստատվել է, 1000 դիմում մերժվել է»,-ասաց Ամիրշադյանն ու հավելեց, որ մնացածն ընթացքի մեջ է:

Մերժման պատճառները սահմանված են ծրագրով: Մերժման պատճառ կարող է հանդիսանալ, օրինակ, այն հանգամանքը, որ անձի համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածի համար, կամ նույն ժամանակահատվածում նա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, կամ եթե, օրինակ, շահառուի անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ:

Նախարարության հաշվարկով՝ Արցախում հաշվառված մոտ 94 հազար քաղաքացի կարող է դառնալ այս ծրագրի շահառու: Ծրագրին կարող են դիմել այս պահին թե Հայաստանում, թե Արցախում գտնվող արցախցիները: «Ցանկացած վայրում գտնվելու դեպքում կարող են դիմել, եթե ունեն ինտերնետ հասանելիություն»,-ասաց նա:

Հասանելիք գումարը կփոխանցվի «Հայփոստ»-ին, շահառուն կարճ հաղորդագրությամբ կտեղեկանա, որ իր գումարն արդեն հասանելի է: Արցախում գտնվող քաղաքացիների համար «Հայփոստը»-ը վճարումը կկազմակերպի «Արցախփոստ»-ի միջոցով: Առաջին վճարումը հավանաբար արդեն հասանելի կլինի երկու օրից:

Եթե քաղաքացիներն ունենան դժվարություններ՝դիմումներն առցանց լրացնելու հետ կապված, ապա կարող են մոտենալ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ, որտեղ պատրաստակամ են նրանց աջակցել: Ամիրշադյանը հորդորեց նաև դիմումատուներին Արցախի հեռախոսահամարը նշելուց բացի, նշել նաև Հայաստանի բջջային որևէ օպերատորի հեռախոսահամար՝ հետագայում առանց որևէ տեխնիկական խնդրի ծանուցումներ ուղարկելու համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 20-ն է:

Եթե շահառուն չունի սեփականության (այդ թվում բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), ապա շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն (կեցավայրի ծախսերի փոխհատուցում)՝ միանվագ դրամական օգնության չափն ավելացնելով 15 000 ՀՀ դրամով: Ամիրշադյանը նշեց, որ այս պահին դեռ հնարավոր չէ ասել, թե հաստատված 2000 շահառուից քանիսը Հայաստանում ունի անշարժ գույք, և ում աջակցության գումարը որքան է կազմում:

Նա նշեց՝ այսպիսով մեկ շնչին հատկացվում է 68 հազար կամ 83 հազար դրամ: «Սակայն, եթե դիտարկենք ընտանիքի կազմով՝ ենթադրենք 1 ծնող, 2 երեխա, ապա այդ գումարը այդքան էլ փոքր չէ»,-նշեց նա:

Loading...