12:07   25-11-2020
ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի առցանց նախարարական համաժողովին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 37-րդ առցանց նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձել է աշխարհում տիրող Covid-19 համավարակի պայմաններում առկա մարտահրավերներին առողջապահական, տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտներում։ Վերջինս Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ընթացքում ներկայացրել է Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի առաջարկած բանաձևը, որ կրում է «Ապրել միասին Covid-19 համավարակի պայմաններում և հետկովիդյան աշխարհում» խորագիրը:

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ի հեճուկս՝ համաճարակի ընթացքում աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։ ԱԳ նախարարի տեղակալը խոսել է նաև մեծաքանակ զոհերի, հազարավոր փախստականների, Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման, հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային հումանիտար իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների մասին։

Նշվել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կոչված է նախ և առաջ դադարեցնելու ռազմական գործողությունները և ապահովելու անվտանգության միջոցառումների իրականացումը և ընդգծվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում շարունակվելիք բանակցությունների ընթացքում քննարկվելու է Արցախի ապագա կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ և իրականացմամբ:

Առցանց նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավմանը։

Գրում 1lurer.am -ը:



Loading...