16:01   27-11-2020
Մարիա Զախարովան կոչ է արել Արցախում իրականացվող մարդասիրական գործողությունները չքաղաքականացնել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված կողմերին խուսափել այդ տարածաշրջանում իրականացվող մարդասիրական գործողությունները քաղաքականացնելուց, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Բոլոր կողմերին կոչ ենք անում չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն, անհապաղ անցնել աշխատանքի, ինչը չափազանց անհրաժեշտ է տարածաշրջանում ձևավորված  մարդասիրական իրավիճակի պայմաններում: Դա մշակութային կոթողների և կրոնական սրբությունների պաշտպանության, տարածաշրջանում միջփոխզիջումային, միջէթնիկական հաշտեցման և համաձայնության ապահովման հարցում կարևոր ներդրում կարող էր լինել»,- նշել է նա:

Զախարովան ընդգծել է, որ վերջին օրերին Արցախում ռուս խաղաղապահները շարունակել են փախստականների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, ականազերծման և կորած զինվորակաների ու մահացածների մարմինների որոնողական աշխատանքներ իրականացնել:

Նշվում է նաև, որ ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որի գործունեությանը մասնակցելու են մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ, աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի գերատեսչությունների աշխատանքներին ներգրավելու ուղղությամբ, ուղարկվել են մարդասիրական օգնության առաջին բեռները: 

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների շրջանակներում մոբիլիզացրել  ենք միջազգային օգնություն: Այժմ ակտիվ գործունեություն է ծավալում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, աշխատում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, Համաշխարհային պարենի ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՀԿ-ի հետ»,- նշել է դիվանագետը:

Զախարովան նաև շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդասիրական օգնության տրամադրման, Արցախի տարածաշրջանում բնականոն կյանքի ապահովման հարցերի վրա:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև օտարերկրյա շահագրգիռ գործընկերների և կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումները կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը», - եզրափակել է ԱԳՆ խոսնակը:

Գրում է Tert.am -ը:

Loading...