17:22   27-11-2020
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան չի պատրաստվում խաղաղապահ զորքերը դուրս բերել Մերձդնեստրից
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Մոլդովայի նորընտիր նախագահի ագրեսիվ հռետորաբանությամբ: Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ նոյեմբերի 27-ին, Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից (ՄԴՀ) Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ խմբի դուրսբերմանը հասնելու Մայա Սանդուի մտադրությունը նպատակ ունի խափանել խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել Մոլդովայի նորընտիր նախագահ տիկին Սանդուի` մոլդովական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցին: Նա, մասնավորապես, հայտարարել է Մերձդնեստրից  Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ խմբի դուրսբերմանը հասնելու իր մտադրության մասին: Մենք համարում ենք, որ այս հայտարարությունը ուղղորդված է խափանելու Մերձդնեստրի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ռուս խաղաղապահները երկար տարիներ կայունություն են ապահովում Մերձդնեստրի տարածաշրջանում, և բոլոր քաղաքական գործիչներն ու փորձագետները առաջին հերթին պետք է հաշվի առնեն,  որ այլևս արյուն չի թափվում և այնտեղ կրակոցներ չեն լսվում: Զախարովայի խոսքերով, այս մասին պետք է հիշել մամուլում բարձրագոչ հայտարարություններ անելուց առաջ:
«Խաղաղապահ գործողության մանդատը հստակ նշում է մեր մասնակցության շարունակականությունը, որը պետք է բերի հակամարտության կարգավորման վերաբերյալ  քաղաքական պայմանավորվածությունների:  Դեռևս դրանից հեռու ենք»,-եզրափակել է իր խոսքը Զախարովան:

Գրում է Tert.am -ը:

Loading...