16:59   30-11-2020
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը. տարհանվել է մոտ 2800 մարդ
Թողնել մեկնաբանություն

Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխի ժայթքման հետևանքով մոտ 2800 մարդ է տարհանվել, հաղորդում է Tempo թերթը՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների չեզոքացման տարածաշրջանային վարչությանը (BPBD)։

Ինդոնեզիական Լոմբլեն կղզու վրա գտնվող Լևոտոլո հրաբուխը ժայթքել է կիրակի՝ օդ արտանետելով 4 հազար մետր բարձրությամբ ծխի սյուն։ Մասնագետների տվյալներով՝ ժայթքումը տևել է մոտ 600 վայրկյան։

Հրաբխագիտության ու երկրաբանական ռիսկերի նվազեցման ինդոնեզիական կենտրոնը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հրաբխից երկու կիլոմետր հեռավորության վրա զերծ մնալ ցանկացած նախաձեռնությունից։

Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հրաբխի ժայթքման հետևանքով, ընդհանուր առմամբ, տարհանվել է լեռան ստորոտին բնակվող 2782 մարդ։  BPBD-ի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավարն ընդգծել է, որ մարդկանց տարհանման ընթացքում օգնություն են ցուցաբերել ազգային ոստիկանության ներկայացուցիչներն ու զինծառայողները։

Լևոտոլո լեռան բարձրությունը 1018 մետր է։ Ընդհանուր առմամբ, Լոմբլեն կղզու վրա կա երեք հրաբուխ՝ Իլիլաբալեկանը, Իլիվերունգը և Լևոտոլոն։

Գրում է Tert.am -ը:

Loading...