12:32   04-12-2020
Փաշինյանը կարևորեց ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում:

«Այս դժվարին ժամանակներում կարևոր է գտնել համաձայնեցված լուծում բոլոր նուրբ հարցերի շուրջ: Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վստահորեն կարելի է հաստատել, որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա:

«Հուսով եմ, որ հետագա համաձայնեցված գործողությունները նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ, մոտ ապագայում կբերեն դրական արդյունքների»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading...