16:22   04-12-2020
Առաջին Եվրասիական Համաժողովին Հայփոստ ընկերությունը ներկայացրել է փոստային ինտեգրման նոր մոդել
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում Միջազգային առևտրի կենտրոնի հարթակում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Առաջին Եվրասիական Համաժողովը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրների խոշոր ընկերություններն ու առաջատար կազմակերպությունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, համաժողովում Հայաստանը ներկայացրել է Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Համաժողովի նպատակն է քննարկել և օրակարգ բերել այնպիսի միջպետական ծրագրեր և բիզնես-միջանցքներ, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տիրույթում գտնվող երկրների տնտեսական ինտեգրմանն ու միջպետական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Նա ներկայացրել է վերջին կես տարում Հայփոստ ընկերությունում  իրականացված բարեփոխումների արդյունքում միջազգային տնտեսական պլատֆորմներում հանդես գալու և տնտեսական ինտեգրման ծրագրերում ընկերության մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները: Որպես տարբեր երկրների փոստերի ինտեգրման հաջողված մոդել՝ Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնավորապես խոսել է Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրված համաձայնագրի մասին, որի արդյունքում երկու երկրների միջև փոստային առաքանիների փոխադրման սակագները նվազել են երեք անգամ՝ հանգեցնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոստային առևտրաշրջանառության քառակի աճին: 

«Ես հավատացած եմ, որ տնտեսական համագործակցության համատեքստում մեծ դեր ունի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոստային պլատֆորմների ինտեգրումը: Ժամանակակից աշխարհում փոստային ծառայությունները վերածվել են պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ ենթակառուցվածքների, որոնք ոչ միայն ապահովում են երկրների միջև անխափան շրջանառություն, այլև կարող են նպաստել դրա ծավալների կտրուկ աճին»,  շեշտել է Հայկ կարապետյանը:

Համաժողովի ընթացքում Հայփոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը ստորագրել են երկու երկրների միջև փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի լրացում:

Առաջին Եվրասիական Համաժողովի շրջանակներում ստորագրվել է նաև Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետությունների փոստային օպերատորների կոմպետենցիաների հիմքի վրա փոստային և լոգիստիկ ծառայությունների զարգացման ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատման և երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մասին Համաձայնագիր:

Loading...