09:08   13-01-2021
Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշոր մարտական նավը
Թողնել մեկնաբանություն

Իրանը հունվարի 12-ին ներկայացրել է երկու նոր ռազմանավ, այդ թվում ՝ իր ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույն «Մակրան» ուղղաթիռակիրը։  Այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Մակրանը» (Իրանի արեւելքում տեղանքի անվանում է) իրենից ներկայացնում է առաջավոր լողացող բազա, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովում: Այն կարող է կրել վեց ուղղաթիռ, արագընթաց նավակներ, ծովային հատուկ ուժերի ջոկատներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկրորդ նավը  «Զերեհ» (Զրահ) հրթիռային կորվետն է:

Չորեքշաբթի երկու նավերը պաշտոնապես կմտնեն սպառազինության մեջ եւ կմասնակցեն Օմանի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի «Էկտեդար» (Հզորություն) երկօրյա հրթիռային զորավարժություններին: Ավելի վաղ նրանք բարեհաջող ընթացքային փորձարկումներ են անցել մերձավոր եւ հեռավոր ծովային գոտիներում: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի խոսքով ՝ առաջիկա տարիներին այդ դասերի այլ նավեր կգործարկվեն:

Զորավարժությունները ղեկավարելու են Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին եւ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին:

Loading...