17:52   13-01-2021
Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթը ստացավ դրական եզրակացություն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության ներկայացրած նախագիծը հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը, ըստ այդմ` նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, առնվազն 25 դատավորի թվակազմով: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,- ասաց Բադասյանը:

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Loading...