11:44   16-01-2021
Հայաստանում հարկերի հավաքագրման ծրագրի իրականացումն անցած տարի եղել է հարաբերական. ՊԵԿ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում հարկերի հավաքագրման ծրագրի իրականացումն անցած տարի եղել է հարաբերական: Այդ մասին հունվարի 15-ին հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականին հարկային եւ մաքսային ոլորտներում կատարված աշխատանքը, ինչպես նաեւ ընթացիկ տարվա ընթացքում սպասվող միջոցառումները նաեւ անդրադառնալով հարցերին, թե ինչպես է ստացվել, որ համավարակի ընթացքում երկրի տնտեսությունը, փաստորեն, չի գործել, այնուհետեւ եղել է պատերազմը, բայց կատարվել են հարկային մուտքեր:

Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել է, որ ՊԵԿ-ը ծրագրային ցուցանիշների համեմատ կատարել եւ անգամ գերակատարել է իր ծրագիրը:

«Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ որոշակի գործոններ, որոնք ազդեցություն են ունեցել հարկահավաքության վրա: Մասնավորապես, 2020 թվականի ընթացքում մաքսային վճարների մասով չի գանձվել ավտոտրանսպորտային միջոցների գծով 90 միլիարդ դրամ պարտավորություն: Եւս 50 միլիարդ դրամ շահութահարկի գծով կառավարությունը զիջել է տնտեսության կանխավճարների տեսքով»,-պարզաբանել է ՊԵԿ ղեկավարը:

Բացի այդ, սկսած դեռեւս մարտից տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներով պայմանավորված՝ բազմաթիվ ոլորտներ գործունեություն չեն իրականացնում: Այս մասով կառույցն ունի պետական տուրքի գծով 16,5 մլրդ դրամի չափով պարտավորություն, որն այլ հավասար պայմաններում պետք է վճարվեր պետական բյուջե:

«Անգամ այս պայմաններում հարկային եկամուտները, մասնավորապես, շահութահարկն ու պետական տուրքը հավաքագրվել են հավասար չափով, որքան 2019 թվականին էր: Տարբերությունը չնչին է՝ ընդամենը 0.2 տոկոս»,-ասել է Հովհաննիսյանը:

Այդ ծավալի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր էր իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաեւ հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման եւ հարկային կարգապահության շնորհիվ:

Այդուհանդերձ համավարակի եւ պատերազմի գործոնի բացակայությունը մեզ հնարավորություն կտար շատ ավելի մեծ ծավալով հարկային պարտավորություններ հավաքագրել, ինչը հնարավոր չի եղել տնտեսական անկումներ ունենալու պատճառով: Հովհաննսիյանի խոսքով՝ սահմանափակված ոլորտների ազդեցությունը փոքր չէր համավարակի ընթացքում տնտեսության հատվածում:

Գրում է News.am -ը:


Loading...