12:36   19-01-2021
Վահրամ Դումանյանը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակը ճանաչողական բնույթ ունի՝ ծանոթանալու երաժշտարվեստի ոլորտի պատասխանատուների հետ:

Այնուհետև Արա Խզմալյանը նախարարին տեղեկացրել է համերգային կառույցներում, մասնավորապես՝ Երգի պետական թատրոնում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, կապիտալ նորոգումների, տեխնիկական հագեցվածության, երաժշտական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում բարեփոխումների, նոր ծրագրերի մասին: Կարևորելով իրականացված աշխատանքները՝ Վ. Դումանյանը վստահեցրել  է, որ առաջիկայում կայցելի համերգային կազմակերպություններ՝ տեղում  ծանոթանալու կատարված  աշխատանքներին:

Համերգային կառույցների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները՝ միտված ոլորտի բարեփոխումներին, և տեղեկացրել առաջիկա ծրագրերի մասին:

«Նախատեսված համերգային ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել նաև մարզերում, սահմանամերձ համայնքներում և Արցախում»,- կարևորելով մշակույթի ապակենտրոնացման և մարզերում ու Արցախում կրթամշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ նշել է նախարար Վ. Դումանյանը:

Loading...