12:57   19-01-2021
Փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիգ Քերքոնեանը պատերազմի ընթացքում իրավունքների պաշտպանության հարցերով կատարել են կարևոր դեր. ՄԻՊ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձանագրում է, որ ԱՄՆ-ում ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիգ Քերքոնեանը պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

«Այս պատերազմի առաջին պահից՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր ու ժամ մեզ հետ են եղել Հայերի իրավունքների պաշտպանության (Armenian Rights Watch Committee) համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիգ Քերքոնեանը:

Պարոն Ղազարեանը գործում է Լոս Անջելեսում, իսկ պարոն Քերքոնեանը՝ Չիկագոյում:
Նրանք ողջ պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր. աջակցել են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանններին մշտադիտարկումներում ու զեկույցներ կազմելիս, արձանագրել ու փոխանցել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, ապահովել են ամուր կապեր ԱՄՆ-ում ու այլ երկրներում, միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Նրանց շնորհիվ ապահովվել է համագործակցություն Սփյուռքի հայկական այլ կազմակերպությունների հետ՝ լինելով կամուրջ Հայկական սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև:

Պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը, շնորհիվ իրենց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, ԱՄՆ հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) միջոցով հանրային լայն իրազեկման աշխատանքներ են տարել ու մինչ օրս շարունակում են տանել պատերազմական գործողությունների, ադրբեջանական իշխանությունների իրական նպատակների ու Արցախում և Հայաստանում նրանց գործած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ: 

Ընդ որում, նրանք լայն հանրային քննարկումներ են կազմակերպել ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական ու ռազմական ամենազգայուն հարցերով: Շնորհիվ նրանց նվիրված հասարակական գործունեության՝ պատերազմի մասին ճշգրիտ իրազեկվել են ոչ միայն Հայկական սփյուռքը, այլ նաև միջազգային հանրությունը: Այս աշխատանքներն ուղղակի անգնահատելի են:

Թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, երբեք նրանցից անգամ ակնարկ չեն լսել, որ անհրաժեշտ աջակցության ծավալն ահռելի է՝ սկսած մասնագիտական ամենաբարդ վերլուծություններից մինչև անգլերենով զեկույցների ու հայտարարությունների թարգմանություններով աջակցություն:

Չնայած ԱՄՆ-ում իրենց հիմնական գործում հսկայական  ծանրաբեռնվածությանը, պատասխանատու աշխատանքին ու ահռելի ժամային տարբերությանը ԱՄՆ Կալիֆորնիա և Չիկագո նահանգների հետ՝ մեր խնդրանքներին նրանց արձագանքը հետևել է րոպեների ու անգամ վայրկյանների ընթացքում:

Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանն այսօր էլ մեզ շուրջօրյա աջակցություն են ցուցաբերում բոլոր հարցերում (պաշտոնական նամակներ ու հետևողական աջակցություն գերիների վերադարձի, ադրբեջանական պատերազմական հանցանքների արձանագրման ու այլ խնդիրներով): 

Հատկապես կարևոր է, որ նրանք, լինելով ԱՄՆ-ում գործող պրակտիկ փաստաբաններ, իրենց պրակտիկ գիտելիքներն ու փորձն են օգտագործում՝ մեզ աջակցելու համար:
Մեր գործընկերները բացարձակ նույնն են արել 2016թ. ապրիլյան, 2020թ. հուլիսյան ու մյուս բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ:

Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համանախագահների դերն անգնահատելի է նաև Հայաստանում մարդու իրավունքների համակարգի կատարելագործման հարցում:

Loading...