15:32   19-01-2021
Image Description
Հայաստանում Արցախի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր. պաշտոնյա

Հայաստանի տարածքում Արցախի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նա հստակեցրեց, որ առաջին ծրագիրը կապված է գործատուի մոտ եռամսյա պրակտիկայի հետ՝ մշտական հիմունքով հետագա ընդունման հնարավորությամբ: Պաշտոնյան պարզաբանեց, որ այդ ժամանակի ընթացքում շահառուն (պրակտիկանտը) ստանալու է ամսական 100 հազար դրամ աշխատավարձ՝ հարկերը հանած, իսկ գործատուն՝ ամսական 34 հազար դրամ՝ հարկերը համած: «Այս ծրագիրը հիմնականում գործելու է ծառայությունների ոլորտում եւ արտադրության մեջ (օրինակ՝ տեքստիլ): Քաղաքացիները կարող են ուղղակիորեն դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ կամ «e-request» էլեկտրոնային պլատֆորմի միջոցով: Դրանից բացի, հայտը կարելի է լրացնել employment.am կայքում: Գործատումները կարող են դիմել նաեւ զբաղվածության տարածքային կենտրոններ կամ նախարարություն: Այս պահին համագործակցության առաջարկներ են ստացվում ծառայությունների ոլորտի, ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսի տնտեսվարող սուբյեկտներից»,- նշեց Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ երկրորդ ծրագիրը կապված է սոցիալական բնույթի աշխատանքի կատարման հետ, օրինակ՝ բարելավում, վերանորոգում, շինարարություն, ձնահավաքման աշխատանքներ՝ օրական 8 հազար դրամ աշխատավարձով՝ ներառյալ հարկերը: «Այստեղ գործատուներ են հանդես գալիս համայնքները, որոնք հայտերն ուղարկում են մարզպետարանների միջոցով: Այս պահին Վայոց ձորի մարզից ստացվել են 16 ծրագրերով հայտեր»,- շեշտեց Սարգսյանը:

Փոխնախարարը նշեց, որ երկու ծրագրերի շահառուներ կարող են դառնալ Արցախի այն բնակավայրերում բնակված քաղաքացիները, որոնք 2020 թվականի պատերազմի հետեւանքով անցել են Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց տները պատերազմի ժամանակ ոչնչացել են կամ վնասվել:

«Շահառուների ընդհանուր թիվը շուրջ 2 հազար է: Այս պահին հայտ է ներկայացրել 663 մարդ: Այս կամ այն աշխատանքի համար շահառուների ընտրության ժամանակ առաջնությունը տրվում է սոցիալապես խոցելի ընտանիքներին»,- ամփոփեց նա:

Գրում է News.am-ը:


Loading...