13:32   26-01-2021
Image Description
Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ահաբեկչական է որակել Ադրբեջանի այն գործելաոճը, որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական աձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարուքյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել այդ հարցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:

«ՄԻԵԴ-ն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները, դեռ ավելին` դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերիներին: Ադրբեջանը մեծարում է իր զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը: Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության և խաղաղության մասին: Ես կարծում եմ` այս իրավիճակից մենք ունենք երկու ելք, մեկը` գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է` խաղաղության ճանապարհով և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և, ապա միայն խոսել այլ հարցերի մասին, իսկ, եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք»,- ասել է Մարուքյանը:

Պատգամավորը նշել է, որ միայն ահաբեկիչներն են պատանդ պահում և հետո նախապայմաններ առաջ քաշում նրանց ազատ արձակման համար:

«Իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն անկյունաքարային են: Այդ պատճառով ես կոչ եմ անում ձեզ` միջազգային հանրությանը, Եվրոպայի խորհրդին, սույն կազմակերպության բոլոր անդամներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան բոլոր ատյաններին` ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ` հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով: Այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պատանդներ է պահում և օգտագործում նրանց Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ` հրադադարի վերաբերյալ փաստաթղթի կնքումից հետո նոր նախապայմաններ դնելու համար»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

ՀՀ պատվիրակության անդամը հավելել է, որ Հայաստանն իր կողմից կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է դրա 8-րդ կետը` ազատ չարձակելով մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Այսպիսով, կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին` ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ` ազատ արձակելու համար հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- նշել է Մարուքյանը:

Loading...