20:36   26-01-2021
Նոր հեռանկարներ «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը եւ քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաեւ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաեւ միջազգային գործընկերության ոլորտը:

Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված եւ ներկայումս կյանքի կոչվող ծրագրերը: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման, գիտակրթական գործունեության մեջ նորարարության ներդրման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության  իրականացվող քաղաքականության տիրույթում համագործակցության, այդ թվում եւ սփյուռքի ներուժի ներգրավման շուրջ:

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Ծրագրերն իրականացվում են հիմնական 3 ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն եւ գիտահետազոտական արտադրանքի առեւտրայնացում: Այս ընթացքում իրականացվել է 26 ծրագիր:

Ներկայացնելով FAST-ի գործունեությունը՝ համագործակցության եւ ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը պատմել է գիտական հանրության աջակցությանն ուղղված ծրագրերի մասին, որոնց թվում՝ 2018-2019 թվականներին իրականացրած ասպիրանտների համար կրթաթոշակային ծրագրի՝ Գիտության կոմիտեի համագործակցությամբ, գործընկերային հետազոտությունների համար ճամփորդական դրամաշնորհի եւ «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի մասին:

Այս պահին «ADVANCE» ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է 2 ծրագիր՝ 4 տարի ժամկետով եւ տարեկան 45-65 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ: Դրանց շրջանակում իրականացվում է հետազոտական աշխատանք, որի գիտական ղեկավարները միջազգային համալսարանների եւ գիտական կենտրոնների ղեկավար պաշտոններում աշխատող սփյուռքահայ գիտնականներ են:

Առանձնահատուկ շեշտադրվել է FAST-ի կողմից իրականացվող Կենսագիտական ինկուբատոր–բաց լաբորատորիայի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ պետության կողմից 60 մլն դրամի տրամադրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` լաբորատոր տարածքը վերանորոգելու նպատակով: Համագործակցության շրջանակում «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը» լաբորատորիան կապահովի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա կենսագիտության ոլորտում գործող ստարտափներին եւ հետազոտական թիմերին իրականացնելու գիտական վարկածի փորձարկման աշխատանքները:

Loading...