09:39   27-01-2021
ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության հետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Թվինինգ» ծրագրի հունվարի 26-ին կայացած համատեղ կոորդինացիոն հեռավար հանդիպումը պաշտոնապես հաստատել է ծրագրի նախնական՝ գնահատման փուլի ավարտը՝ նախանշելով հիմնական աշխատանքային գործընթացների սկիզբը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բացման խոսքով հանդես եկան ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և միջազգային փորձագետ Մարի Վելասկես Ֆրեդրիկսոնը։ Նրանք անդրադարձան ծրագրի նախնական փուլի ընթացքին, կարևորությանը և նպատակայնությանը։

Ծրագրի համաղեկավար Ջոն Անդերսեը ներկայացրեց կարողությունների գնահատման ամփոփ հաշվետվություն, որտեղ միջազգային փորձագետների կողմից բացահայտված էին ծրագրի բաղադրիչների առնչությամբ առկա խնդիրները։

Բացահայտումների վերաբերյալ մանրամասն ելույթներով հանդես եկան ծրագրի բաղադրիչների միջազգային ղեկավարները՝ Տատյանա Միլկամանովիչը (Լատվիա), Սեսիլիա Ուներամը (Շվեդիա) և Անաստասիա Էզերեթսը (Շվեդիա)։

Կարողությունների գնահատման հաշվետվության մասին անդրադարձով հանդես եկավ ԱՌՆ Սենդայի գործողությունների ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։

Հարկ է նշել նաև, որ անկախ համավարակի ստեղծած խոչընդոտներից՝ ծրագրի շվեդական փորձագետներից Ս. Ուներամը արդեն իսկ գտնվում է Երևանում, ԱԻՆ գործընկերների հետ մասնակցում էր հանդիպմանը։ Մյուս փորձագետը՝ Ա. Էզերեթսը, դարձյալ Շվեդիայից, ժամանալու է առաջիկա օրերին։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Թվինինգ ծրագրի բոլոր բաղադրիչների ղեկավարները և ենթաբաղադրիչների փորձագետները։

Հանդիպման արդյունքում նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք միջոցառումները և դրանց ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...