15:41   27-01-2021
Image Description
Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող հարցեր

 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: 

Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կանի առավելագույնը երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունն ընդլայնելու և  խորացնելու համար։

Լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինչպես նաև հանդիսանալով Բելառուսի նախկին գլխավոր դատախազ՝ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում հակակառուպցիոն պայքարով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներով։          

Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները և տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաև նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, և փոխգործակցությունն ամրապնդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Loading...