15:48   27-01-2021
«STARMUS» միջազգային փառատոնը մասնակցության լայն շրջանակ կունենա
Թողնել մեկնաբանություն

 Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS 6-րդ» (Stars and Music) փառատոնը անցկացվելու է Հայաստանում սեպտեմբերի 6-11-ը:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու այդ միջազգային փառատոնը:

«Ակնկալվում է գիտության, արվեստի ոլորտի հայտնի դեմքերի այցելություններ Հայաստան: Թույլ տվեք այս պահին չնշեմ նրանց անունները, որովհետև գործընթացը հստակեցման փուլում է: Մինչ փառատոնը աշխարհի տարբեր մեգապոլիսիներում լինելու են նախնական միջոցառումներ, որոնք նախատեսվում են Մոսկվայում, Աբու Դաբիում, Սինգապուրում և այլն: Մեր առաջնահերթ նպատակը գիտության արժևորումն է: Մեզ համար այս փառատոնը շատ է կարևորվում այն տեսանկյունից, որ մեծացնի երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, որովհետև մենք ցանկանում ենք ուժեղացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով, ակնկալվում են բազմաթիվ հյուրեր: Նախատեսված են տարբեր մեծ ու փոքր միջոցառումներ, ծրագիրը ներկայում մշակման փուլում է: ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունները ուզում են այնպես անել, որ տոմսերը լինեն մատչելի, դրանից բացի, որ «STARMUS»-ի շրջանակում անպայման լինեն բացօթյա քննարկումներ, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ կարողանան ընդգրկվել միջոցառումներում: Նպատակն է ապահովել միջոցառմանը հասարակության լայն հատվածի ընդգրկվածություն:

«Փառատոնից ակնկալիքները շատ են, սպասվում է ընդանուր հետաքրքրության աճ գիտության նկատմամբ, կոնկրետ թվով գիտական հաստատությունների միջազգային կապերի ընդլայնում: Կարծում եմ, որ շատ գաղափարներ կծնվեն տեղում: Ինքը ծավալով այնքան մեծ միջոցառում է, որ հնարավոր է տնտեսական առումով նույնպես նշանակություն ունենա, զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից նույնպես կարևոր լինի»,- հավելեց նախարարի տեղակալը:

Loading...