10:51   18-02-2021
Ակադեմիական երգչախումբն ու Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին Արցախում զոհվածների հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկան բարեգործական համերգով, որի հասույթը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին: Կոլեկտիվները համերգը նվիրեցին արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին:

Համերգը ղեկավարեց ՀԱԱԵ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանն ասաց, որ 2020 թվականին չեն կարողացել լիարժեք համերգային գործունեություն ծավալել: «Փոքր խմբերով ենք ելույթներ ունեցել, հանդես ենք եկել եկեղեցիներում և այլ հարթակներում: Այս տարի համավարակի նահանջով պայմանավորված հնարավորություն ընձեռվեց  ամբողջ խմբով ներկայանալու: Համատեղ համերգի նպատակով դիմեցի Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենին: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանն էլ առաջարկեց համերգը նվիրել պատերազմում զոհված տղաների հիշատակին: Ամբողջ հասույթը  տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին»,-տեղեկացրեց նա ու հավելեց, որ հնարավոր է՝ հանգանակության արկղիկ դրվի դահլիճում, որի գումարը ևս կփոխանցվի հիմնադրամին:

Loading...