10:50   22-02-2021
Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում տնտեսավարողները համավարակի ընթացքում պաշտպանիչ միջոցների ներմուծումից զատ, զարկ են տվել նաև տեղական արտադրությանը և անգամ սկսել են արտահանում իրականացնել: Ընկերություններից մեկը հավատարմագրման աշխատանքների հաջող ընթացքից հետո արտահանում կսկսի Գերմանիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Մենք նաև իրականացնում ենք պաշտպանիչ միջոցների արտահանում: Ընդ որում, երրորդ երկրներ արտահանումից բացի, փորձում ենք վաճառք իրականացնել նաև ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ միասնական աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսը և առկա սահմանափակումները ձևակերպեցինք որպես հնարավորություն, և մեր տնտեսավարողները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ստեղծեցին բավարար հզորություններ՝ նախ տեղական շուկան բավարարելու, հետո արտահանելու համար»,-ասաց փոխնախարարը:

Հայկական արտադրության պաշտպանիչ միջոցների, օրինակ՝ դիմակների արտահանում իրականացվել է Վրաստան, Ուկրաինա: Բժշկական դիմակ արտադրող մեկ այլ ընկերություն էլ ներկայումս հավատարմագրման փուլում է, պետք է արտահանում իրականացնի Գերմանիա: Ընդ որում, այդ ընկերությունն արտադրությունը հիմնել է զրոյից: 

Փոխնախարարի խոսքով՝ մինչև համավարակը Հայաստանը դիմակներ հիմնականում ներմուծել է: Սակայն շատ կարճ ժամանակում Հայաստանում ձևավորվել է ախտահանիչ միջոցների, դիմակների արտադրություն: Համավարակի դժվար փուլում Հայաստանն իր աջակցություն է ցուցաբերել նաև հարևան Իրանին՝ օգնելով համապատասխան արտադրություններ ձևավորելու գործընթացում: «Համավարակի ժամանակ արտահանում է իրականացրել, մեր տնտեսավարողները նրանց վաճառել են սպիրտը, որի հիման վրա վերջիններս ստեղծել են ախտահանող միջոցների տեղական արտադրություններ»,-նշեց Սիմոնյանը:

Loading...