10:49   23-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտի ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը
Թողնել մեկնաբանություն

Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական ավտոմեքենաներ՝  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ 

«Այդ ճանապարհը  սկսվում է  Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա  հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս  հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարից հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,-պարզաբանեց Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ:

Loading...