11:15   23-02-2021
Փորձագետները չեն բացառում, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ի վերջո կկարողանան միջուկային համաձայնագիր կնքել
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնն ու Թեհրանը ի վերջո կկարողանան միջուկային համաձայնագիր կնքել, քանի որ Իրանը պետք է ազատվի տնտեսական պատժամիջոցներից: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է վերլուծաբանը:

«Կարծում եմ, որ գործարքն, ի վերջո, հնարավոր է, քանի որ իրանցիներին փող է պետք»,- ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ղեկավար Ռիչարդ Գոլդբերգը։

ԱՄՆ-ը եւ Իրանը, կարծես, շահագրգռված են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, բայց չեն կարող պայմանավորվել, թե ով պետք է կատարի առաջին քայլը: Անցյալ շաբաթ Բայդենի վարչակազմն առաջարկել է բանակցություններ սկսել Թեհրանի հետ, բայց Իրանը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է վերացնի պատժամիջոցները` գործընթացը շարունակելու համար: Վաշինգտոնը դեռ դիմադրում է այս կոչերին:

Բացի այդ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի նոր համաձայնագիրը «միանշանակ անօգուտ է» եւ չի համապատասխանում նրան, ինչ եղել է նախկինում, ասել է Գոլդբերգը:

Իրանի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է ԱԷՄԳ-ի ստուգումները, բայց երկու կողմերն էլ կիրակի օրը ասել են, որ «անհրաժեշտ ստուգման եւ դիտանցման գործողությունները» կարող են տեւել մինչեւ երեք ամիս:

Սինգապուրի ազգային համալսարանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետ Թան Ֆեն Ցինը կարծում է, որ Իրանը գիտակցում է, որ ստուգումների կանխումը կարող է թերություններ ունենալ:

Եռամսյա հետաձգումը «ԱՄՆ-ին եւ Իրանին որոշակի տարածք եւ ժամանակ է տալիս, որպեսզի փորձեն գտնել գործողությունների հաջորդականության խնդրի լուծումը»,- ասել է նա:

«Այն ամենը, ինչ տեսնում եք, բոլոր սպառնալիքները, ահաբեկչությունը, սպառնալիքները Պարսից ծոցում, հածանավերի առեւանգումը, միջուկային ծրագիրը, պատանդներ վերցնելը՝ այս ամենը փող ստանալու եւ պատժամիջոցները վերացնելու համար շորթման տարբեր մարտավարություն են»,- ասել է Գոլդբերգը: «Նշանակում է՝ գործարքը հնարավոր է»:

Գրում է News.am -ը:

Loading...