18:07   23-02-2021
Արցախի առկա վարելահողերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա ապահովել պարենային անվտանգությունը
Թողնել մեկնաբանություն

Արցախում գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժի ռացիոնալ կանոնակարգման և օգտագործման համար էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

«Գարնանացանի աշխատանքներին ընդառաջ՝ մասնավորապես գարնանացան մշակաբույսերի մշակությունը խրախուսելու նպատակով, նախատեսվում է 50-70 տոկոսով սուբսիդավորել ձեռք բերվելիք սերմացուների արժեքը: Բացի այդ, նախատեսվում է գարնանացան մշակաբույսերի բերքի մթերման դիմաց հողօգտագործողներին տրամադրել լրավճար՝ յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 10-50 դրամի չափով՝ կախված մշակաբույսի տեսակից: Պտղատու այգիների հիմնումը խրախուսելու նպատակով՝ պայմանավորված մշակության եղանակով ու պտղատեսակով, յուրաքանչյուր 1 հեկտարին տրամադրվում է. ավանդական եղանակով մշակության դեպքում՝ 100 հազարից մինչև 1 միլիոն դրամ, իսկ  ինտենսիվ եղանակով մշակության դեպքում՝ 150 հազարից 2 մլն դրամ»,- մանրամասնեց Ավետիսյանը :

Բանջարաբոստանային բույսերի մշակությունը և դրանց ինքնաբավության մակարդակի ապահովումն Արցախում նախատեսվում է հիմնականում իրականացնել ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսությունների հիմնման միջոցով:

«Պետությունը նախատեսել է ծախսերի մինչև 50 տոկոսի անհատույց փոխհատուցում՝ նվազագույնը 2 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցի համար: Բաց գրունտում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար ևս նախատեսվում է աջակցություն՝ 300 հազար դրամի չափով: Անհատույց կարգով լրավճարի տրամադրում է նախատեսվում ծխախոտագործության համար՝ 1 կիլոգրամի դիմաց 20 դրամի չափով»,-հայտնեց փոխնախարարը:

Loading...