17:48   26-02-2021
Image Description
Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
Թողնել մեկնաբանություն

Արցախի Ազգային ժողովի փետրվարի 26-ին հրավիրված արտահերթ նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Խորհրդարանի արտահերթ նիստը հրավիրվել է պատգամավորների նախաձեռնությամբ, սակայն նրանցից ներկա էին 15, բացակա՝ 18 հոգի: Քվորում չլինելու պատճառով, ԱԺ կանոնակարգի համաձայն,  նիստը հետաձգվել է 4 ժամով:

«Արտահերթ նիստը վերսկսվել է ժամը 15:00-ին,սակայն կրկին քվորում չկար՝ ներկա էին 12, բացակա՝ 21 պատգամավոր: Համաձայն՝ «ԱԺ կանոնակարգի» 47-րդ հոդվածի 4-րդ կետի՝ նիստը համարվեց չկայացած: Հայտարարվեց, որ օրակարգում տեղ գտած հարցերը նախաձեռնության հեղինակների առաջարկով կքննարկվեն այլ ժամանակահատվածում»,- հայտնում են Արցախի Ազգային ժողովից:

Արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի ընդգրկված են եղել մասնավորապես նաև հետևյալ հարցերը՝ «Միջազգային պայմանագրերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Փախստականների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և այլ նախագծերի փաթեթներ: Բացի այդ, նախատեսվում էր նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: (Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան):

Loading...