17:57   26-02-2021
Image Description
Զախարովան Արցախում խաղաղապահների հիմնական խնդիրը համարում է կայուն խաղաղության ապահովումը
Թողնել մեկնաբանություն

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքի մեկնաբանելու այն, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործել Ղարաբաղ:

«Պետք է ինքներս մեզ հարց տանք, ի՞նչ ենք մենք ուզում, զարգացնել այս փուլում՝ Արցախում զբոսաշրջությո՞ւնը, թե՞ հասնել փախստականների վերադարձին և վերականգնել բնականոն կյանքը: Ամենագլխավորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և բնականոն կյանքի վերականգնումը, ներառյալ՝ անցումը խնդիրների լուծմանը, որոնք երկար ժամանակ գոյություն ունեն»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ մուտքի իրավունքի յուրաքանչյուր դեպք խաղաղապահները փորձում են հասկանալ հակամարտության բոլոր կողմերի հետ միասին:

«Իհարկե, մենք բոլորս հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ և՛ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, և՛ զբոսաշրջիկները ճանապարհորդեն: Ամեն դեպքում, կա իրական խնդիր, որի լուծման շուրջ մենք պետք է կենտրոնանանք»,-հավելել է Զախարովան:

Loading...