11:11   27-02-2021
Հայկ Մարությանն ու Իրանի դեսպանը պատրաստ են խորացնել Երևանի և ԻԻՀ քաղաքների հարաբերությունները
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երևանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի և Իրանի քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու նպատակով:


Loading...