13:04   27-02-2021
Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը
Թողնել մեկնաբանություն

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:

«Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էր անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը: Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի  բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988թ փետրվարին արցախահայության՝ իր  ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:

«ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն  դրսևորվեց 2020թ աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության  ցանկացած դրսևորում՝ Արցախի Ազգային ժողովի  խմբակցությունները 

կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող  երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Loading...