12:02   02-03-2021
ՀՀ ԶՈՒ 4 ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստվածության բարելավման միջոցառումներ
Թողնել մեկնաբանություն

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 27-ին վարժանքներ են անցկացվել 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 27-ին 2-րդ զորամիավորման զորամասերի կրակային աջակցման և նռնականետային ստորաբաժանումների հրամանատարների ներգրավմամբ անցկացվել են հավաք-պարապմունքներ։ Տեսական պարապմունքները միտված են եղել զինծառայողների մասնագիտական հմտությունների և հրամանատարական կարողությունների զարգացմանը։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ մարտի 1-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որի ընթացքում կատարելագործվել են հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները, ստուգվել է զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։  Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված կրակային խնդիրները, հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները:

Իսկ 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են զինծառայողների գործողությունները «տագնապ» ազդանշանի դեպքում: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախատեսված բնագծերը։

Loading...