10:52   03-03-2021
ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 «կողմ», 11 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայներ:

Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը: Առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Այսպիսով, եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու:

Գործող կարգավորմամբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին. ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է 100-օրյա ժամկետում, իսկ Հաշվեքննիչ պալատի մասին  օրենքով՝ 90-օրյա ժամկետում: Նախագծում առաջարկվող փոփոխությամբ ուղղվել է նաև այս անհամապատասխանությունը:

Loading...