11:05   26-03-2021
Բնունիս, Քոբայրավանք, Գոշավանք, Սանահին. նախարարությունը վերանորոգումներ և փորձաքննություններ է ծրագրել հուշարձաններում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականին ավարտին կհասցվեն Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ընթանում են երեք տարի:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագետ Գայանե Նազլուխանյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականին նախատեսում են վերականգնել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին, Քոբայրավանքի սեղանատունը, Սանահինի վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, Մարմաշենի վանական համալիրի կառույցների ցամաքուրդային համակարգը, Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու և գավթի տանիքածածկերը: Անհրաժեշտ է նորոգել նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, քանի որ այն հուշարձան-շենք է, և այնտեղ փլուզումներ են եղել:

«Վերոնշյալ հուշարձանները նորոգվելու են հաջորդ տարի, քանի որ դեռ չկա հուշարձանների փորձաքննության թարմացված եզրակացությունը: Օրենքով պահանջվում է երեք տարին մեկ փորձաքննությունը թարմացնել: Վերոնշյալ ցանկում ներկայացված ոչ մի հուշարձան չունի նոր փորձաքննություն, ուստի 2021-ին նշված հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության ձեռքբերման համար կհայտարարվի մրցույթ, իսկ արդեն 2022 թվականին դրանք կներառվեն պետական ծրագրում»,-շեշտեց նա:

Loading...