14:54   05-04-2021
Կրթական ծրագրեր, ցուցադրություններ. «Էրեբունի» թանգարանը հանդես կգա նոր նախաձեռնություններով
Թողնել մեկնաբանություն

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որտեղ մշտապես հետաքրքիր ցուցադրություններ, կրթական ծրագրեր և մշակութային այլ միջոցառումներ են անցկացվում, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ նախաձեռնելով նոր նախագծեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ 2020-ին՝ մինչ համավարակը, թանգարանն այցելուների պակաս չի ունեցել, սակայն մարտի 16-ից հետո ստիպված անցել են առցանց աշխատանքի՝ հրաժարվելով մի շարք ծրագրերից:

«Թանգարանի «Ֆեյսբուքի» էջը շատ ակտիվ էր և բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերել: Միայն վերջին երկու տարվա ընթացքում մեր հետևորդների թիվն աճել է 7 500-ով»,-նշեց տնօրենը:

Թանգարանը որպես նվիրատվություն 24 աուդիոգիդ է ստացել, որոնք նախատեսում են գործարկել մայիսին կամ հունիսին: Այժմ տեքստերի թարգմանություններն են ավարտին հասցվում: Նյութերը հասանելի կլինեն հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն:

«Տարբեր կրթական ծրագրեր ենք մշակել, և թանգարանը հիմա բավական ակտիվ է: 2021-ի մարտին միայն ունեցել ենք մոտ 2500 այցելու, ինչն այս պայմաններում լուրջ ցուցանիշ է. շատացել են մեր կրթական ծրագրերին դիմողները: Ծրագրերի միջոցով առաջարկում ենք հնագիտական պեղումներ իրականացնել արհեստական պեղավայրերում: Համագործակցելով Նետաձգության ազգային ֆեդերացիայի հետ՝ առաջարկում ենք նետաձգության վարպետաց դասերի մասնակցել «Կարմիր բլուր»-ում, կավագործության դասերի՝ «Շենգավիթ»-ում»,- պատմեց Բադալյանը:

Տնօրենի խոսքով՝ «Եկեք միասին վերականգնենք ուրարտական կավե գանձերը» ծրագրին ակտիվ մասնակցում են մարզերի երեխաները՝ փորձելով փազլ տարբերակով վերականգնել և ամբողջացնել ուրարտական խեցեղենի տարբեր կրկնօրինակները:

Թանգարանը հաճախ քվեստ խաղեր է կազմակերպում, որոնց սիրով են մասնակցում դպրոցականները:

«Կարևորում եմ նաև մարտի 8-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թանգարանում բացված «Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» խորագրով ժամանկավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են բացառիկ ոսկե իրեր, եզակի գտածոներ, որոնք վերաբերում են ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններին: Ցուցադրությունը հագեցած է պաստառներով, որոնք հայերեն, անգլերեն և ռուսերեն գիտահանրամատչելի տեքստերով են և ուղեկցվում են նկարներով, թեմատիկ պատկերներով: Ցուցադրված է նաև ազնվական ուրարտուհու հագուստի վերակազմությունը, որի հեղինակը թանգարանի ճարատապետ, վերակազմող Ռուբեն Սարգսյանն է»,-ե զրափակեց Միքայել Սարգսյանը:

Loading...