17:28   07-04-2021
Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը կոչ է անում Իտալիայի ընտրություններում բոյկոտել ադրբեջանամետ կուսակցություններին ու գործիչներին
Թողնել մեկնաբանություն

Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դիմել է Իտալիայի հայկական, ինչպես նաև արաբական համայնքների ներկայացուցիչներին՝ հորդորելով ընտրությունների ժամանակ չքվեարկել Forza Italia կուսակցության օգտին: Նախաձեռնության պատճառը կուսակցության պատգամավոր Ուրանիա Պապտեուի ադրբեջանամետ նախաձեռնությունն է, որով նա հայկական կողմին հորդորել էր Ադրբեջանին տալ Լեռնային Ղարաբաղի այն հատվածների ականապատման քարտեզները, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կենտրոնն ահազանգել է, որ նման պահանջ ներկայացնող պատգամավորն ու նրա ներկայացրած կուսակցությունը փաստացի աջակցություն են հայտնում բռնապետական Ադրբեջանին, որի նպատակը Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումն իրականացնելն է:

«Հայ ժողովուրդը շարունակում է Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքի տակ մնալ, միայնակ պայքարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար: Ժամանակն է դադարել հանդուրժել նրանց, ում ձեռքերն արյան մեջ են: Եվ եթե միջազգային հանրությունը լուռ է մնում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ առևտրային ու քաղաքական հարաբերություններով, մենք՝ իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը, դիմում ենք բոլոր արդարամիտ իտալացիներին, հայերին, հայերին սատարողներին, օտարերկրացիներին, ովքեր դարձել են Իտալիայի քաղաքացի՝ հաջորդ ընտրություններում չքվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնց ներկայացուցիչներն աջակցում են Ադրբեջանի բռնապետությանը»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:

Loading...