19:03   07-04-2021
Image Description
Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Այցի շրջանակում ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։

Նախարարության լրատվական ծառայությունը նշում է, որ հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան, Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպման նպատակն էր Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալի հետ քննարկել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև գտնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ  երկրներ կոնյակի սպիրտ և գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները:

Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը և վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաև այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը:

Loading...