15:48   17-04-2021
SpaceX-ը տիեզերագնացների կհասցնի Լուսին
Թողնել մեկնաբանություն

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը տիեզերագնացների՝ Լուսնի մակերևույթ տանելու պայմանագիր է կնքել ամերիկյան NASA-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NASA-ն:

«Սա ևս մեկ հրաշալի քայլ է՝ Լուսին վերադառնալու ճանապարհին»,- հայտնել է NASA-ի ներկայացուցիչ Քեթի Լուդերսը:

Պայմանագիր կնքելու հայտ էին ներկայացրել նաև Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը, որը միավորվել էր Lockheed Martin, Draper և Northrop Grumman ընկերությունների հետ, ինչպես նաև Dynetics ընկերությունը:

SpaceX-ը, որը NASA-ի հետ գործող պայմանագրով իր Crew Dragon օդանավով արդեն իսկ տիեզերագնացների է ուղարկում Միջազգային տիեզերակայան, այժմ կառուցում է Starship տիեզերանավը:

ԱՄՆ նախկին վարչակազմը NASA-ի առջև խնդիր է դրել մինչև 2024 թվականը վերադարձնել մարդուն Լուսին: Լուսնային ծրագիրը ստացել է «Արտեմիդա» անվանումը: Այս ծրագրին իր աջակցությունն է հայտնել նաև ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

Loading...