17:17   17-04-2021
Ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացնում մեկ նպատակով՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում են, որ կրկին ժողովուրդը որոշի, թե հետո ում պատվիրակի այն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը: «Բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ես պետք է ուղիղ ասեմ՝ մենք ոչ թե մեր իշխանությունից կամ աթոռներից էինք կառչած, այլ մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, քանի որ մենք գիտեինք, որ ձեզնից ենք ստացել այդ իշխանությունը և իրավունք չունենք այն առաջին պատահածին հանձնելու»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ 2021-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մեկ նպատակով: «Մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք հետո ում վերադարձնեք, պատվիրակեք իշխանությունը: Բայց Հայաստանում ժողովրդի իշխանությունը պետք է լինի անառարկելի»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:

Նա նշեց, որ ընտրությունների անցկացման նպատակով իր հրաժարականից հետո ԱԺ-ն 2 անգամ իրեն չի ընտրի վարչապետի պաշտոնում, մյուս խմբակցություններն էլ վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Անդրադառնալով մտահոգություններին, թե ընդդիմադիր ուժերը վարչապետի հրաժարականից հետո կարող են փորձել իշխանափոխություն իրականացնել՝ պալատական հեղաշրջման միջոցով՝ Փաշինյանը վստահեցրեց, որ չեն կարող: «Բայց, եթե որոշ քաղաքական ուժեր և շրջանակներ դուրս գան, էլի ցանկանան, որ ժողովրդին չհասնի ընտրությունը, դրան էլ հեշտ լուծում կա՝ խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից կընտրի վարչապետ և թեման կփակվի»,-ասաց նա ու հավելեց, որ բոլոր հնարավոր սցենարները հաշվի են առել:

Loading...