16:54   20-04-2021
Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նույն օրը բեմում հանդես կգան նաև միրզոյանական առաջին մրցույթի հաղթողները: Մայիսի 11-ին Կոմպոզիտորների միությունում կկայանան երկու տարիքային խմբերի մրցութային փուլերը, իսկ մայիսի 13-ին՝ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի շրջանակում կհնչեն մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ստեղծագործությունները:

Loading...