15:06   21-04-2021
Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Թողնել մեկնաբանություն

Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 15-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտա-Ալմա Անաստասեն և քարտուղար Քրիստիան Բորդեյը։

Շնորհավորելով սենատորներին իրենց պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։

Սենատորները հույս են հայտնել, որ համավարակի նվազմանը զուգընթաց հնարավոր կլինի ակտիվացնել նաև միջխորհրդարանական փոխշփումներն ու համագործակցությունը:

Կողմերն երկուստեք ընդգծել են ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն երկու երկրների համար համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, հատկապես, Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի համատեքստում։

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը հատուկ անդրադարձել է նաև 2020թ. աշնանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ զրուցակիցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, հայկական պատմամշակությային ժառանգության պահպանության հրատապության հարցերին:

Դեսպանը սենատորների ուշադրությունն է հրավիրել նաև օրերս Բաքվում բացված արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակ»-ին՝ ներկայացնելով Ադրբեջանում ամենաբարձր քաղաքական մակարդակով իրականացվող հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ցեղասպան մտադրությունների դրսևորման բացահայտ փաստերը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությունն ինչպես Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այնպես էլ Հայաստանի և Ռումինիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերությունների կերտման գործում։

Loading...