15:09   21-04-2021
Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ
Թողնել մեկնաբանություն

Մեկօրյա լռությունից հետո երեկ Բարձրագույն դատական խորհուրդը մեկնաբանեց Գագիկ Ջհանգիրյանի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակը: Մասնավորապես ԲԴԽ-ն անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկի այն պնդումներին, թե նախօրեին Ջհանգիրյանը «ներխուժել» է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ: Ըստ այդմ՝ ԲԴԽ-ից հայտնում են, որ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ չի ներխուժել, դուռը կապարազերծվել է ԲԴԽ անդամների կողմից:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել եւ գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից եւ Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, եւ ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել եւ գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը: Ավելին՝ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը եւ աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- ասված է հերքման տեքստում:

Loading...