20:10   26-04-2021
Երևանում կանցկացվի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված համաժողով
Թողնել մեկնաբանություն

2020 թվականը՝ պայմանավորված «ՔՈՎԻԴ-19» համավարակի տնտեսական սահմանափակումներով և արցախյան պատերազմի հետևանքով առաջ եկած նոր իրադրությամբ, նոր մարտահրավերներ և սպառնալիքներ է ստեղծել հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության  համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգությունը հետևողականորեն ոչնչացվում է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Համաժողովին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին`  ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:  

Loading...