ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպումով։
Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մշակութային կրթության կարևորության մասին իր խոսքն ուղղել ծրագրի մասնակից դպրոցականներին: «Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ, մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին և արվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության և արվեստագետների հետ հանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն ճշմարիտ արվեստը:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին՝ այն ստեղծելու, կազմակերպելու և իրականացնելու համար:
«Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով. այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ: