18:01   04-05-2021
ԿԲ նախագահը կանխատեսում է վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կանխատեսում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշումից հետո վարկավորման տոկոսադրույքը որոշակիորեն կաճի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա:

«Ինչ վերաբերում է մեր տոկոսադրույքների փոխանցումային մեխանիզմին մյուս տոկոսադրույքների վրա՝ մենք տեսնում ենք, որ որոշակիորեն փոխանցումային մեխանիզմն աշխատում է: Մենք տեսնում ենք, որ շուկայում կա ներգրավման միջոցների տոկոսադրույքների աճ, ինչը կհանգեցնի նաև բնականաբար վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճի»,-ասաց Գալստյանը:

Նա հավելեց, սակայն, որ այս պահի դրությամբ, ԿԲ-ի գնահատակաների համեմատ՝ վարկավորման ծավալներն ավելի առաջանցիկ են:

Անդրադառնալով վատորակ ակտիվներին՝ Գալստյանը նշեց, որ դրանց թիվը մոտավորապես 7 տոկոս է համակարգում: «Բնականաբար սպառողական վարկերի համար ավելի տոկոս է, քան բիզնես կամ գյուղատնտեսական վարկերի համար»,-նշեց ԿԲ նախագահը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: 

Loading...