19:19   04-05-2021
ԿԲ նախագահը ՀՀ-ում որոշ ապրանքների գների աճը կապեց նաև համաշխարհային շուկայում նկատվող գնաճի հետ
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային շուկայում մարտ ամսին պարենային ապրանքների գների որոշակի կայունացումից հետո կրկին նկատվում է գնաճ՝ պայմանավորված տնտեսական աճի լավատեսական սպասումներով: Հայաստանն էլ որպես ներմուծող երկիր, չի կարող անմասն մնալ դրանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում պարենային մի շարք ապրանքների գների աճի մասին հարցին:

«Մենք ունենք մոտ 80 տոկոս ձեթի և յուղերի գների աճ համաշխարհային շուկայում, 40 տոկոսով շաքարավազի գների աճ: Մենք ՝ որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել այդ գները: Այսինքն՝ մենք չունենք ներքին արտադրություն, որը բացառապես միտված է հայրենական արտադրողի կողմից հայրենական սպառողի կարիքների բավարարմանը: Ուստի, մենք որպես ներմուծող երկիր, ներմուծում ենք գնաճ: Ու, երբ ասում ենք առաջարկի գործոններով պայմանավորված գնաճ, նախևառաջ սա նկատի ունենք»,-ասաց Գալստյանն ու հավելեց, որ դրան էլ գումարվում է փոխարժեքի որոշակի տատանողականությունը:

Գալստյանը նշեց, որ մարտին համաշխարհային շուկայում գների որոշակի կայունացում էր մտել: «Սակայն հիմա համաշխարհային շուկայում  նորից նկատվում է գների աճ՝ նախևառաջ նաև պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո մարդիկ, մասնագետներն ակնկալում են, որ տնտեսություններն ավելի արագ են աճելու, որոշակի պահանջարկ է ձևավորվելու, որը գները բարձրացնելու է»,-ասաց ԿԲ նախագահը:

Loading...