13:10   09-05-2021
Այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնեք. Մարուքյանը վստահ է՝ նոր հաղթանակներ լինելու են
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ նոր հաղթանակներ լինելու են, դրա համար նաև կարևորում է աշխարհի տարբեր ծայրերում սփռված հայության համախմբումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում:

«Այս օրը նշվել է որպես Եռատոն, այսինքն՝ հաղթանակի օր, Մայիսի 9-ը, երբ մեր պապերը ֆաշիզմի դեմ հաղթանակ են տարել, Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը և Մայիսի 9-ը՝ Արցախի pաշտպանության բանակի հիմնադրման օրը: Յուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, այսինք հաղթանակը դարձնել ուժեղ պետություն: Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ այս տարի այս օրը ևս մարդիկ իրար շնորհավորում են, բայց տրամադրություն չկա, բոլորը կոտրված են: «Եվ այս իմաստով ես ուզում եմ ասել հետևյալը՝ այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնենք, որովհետև այն, ինչ եղել է, «1:1» է. «1:0» էր, դարձել է «1:1», և դա կարող է դառնալ «2:1», «3:1»՝ ի օգուտ մեզ, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն կառուցել: Իսկ մենք կարող ենք ուժեղ պետություն կառուցել, 10 մլն-անոց ազգ ենք»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Նա շեշտեց, որ հայկական բանակը ամենահզոր կերպով պատերազմել է, կենաց-մահու կռիվ է տվել, տարածաշրջանում տասնյակ տարիներ այսպիսի պատերազմ չի եղել: «Մենք ապացուցել ենք, որ կռվող ազգ ենք, մենք ապացուցել ենք, որ մինչև վերջ կարող ենք կռվել: Բաներ կան, որոնցով պետք է շարունակել հպարտանալ ու դրա վրա կառուցել, ոչ թե հուսահատվել և մտածել, թե ամեն ինչ կորած է և վերջ»,-նշեց նա:

Մարուքյանը վստահ է, որ նոր հաղթանակներ լինելու են, դրա համար կարևորում է համախմբումը: «Մեզ պետք  10 մլն հայի երկիրը դարձնել Հայաստանը»,-ասաց  նա ու հայտնեց, որ հայ ազգը դաս կքաղի իր հետ տեղի ունեցածից, ոտքի կանգնի և կշարժվի առաջ:

Հարցին, թե այսօր, ըստ էությանԵռատո՞ն է նշվում՝ Մարուքյանը պատասխանեց. «Այո, Եռատոն ենք նշում, քանի որ վերջին հաշվով Շուշին ազատագրել ենք, հիմա գրավել են Շուշին, բայց Եռատոնն այդ ազատագրելու մասին է, նրա մասին է, որ կարողացել ենք ազատագրել, դա նշանակում է, որ էլի կարող ենք ազատագրել: Եռատոնը չի վերացել: Պետք է մեր ժողովրդին ասել, որ Եռատոնը չի վերացել»:

Loading...