14:34   09-05-2021
Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում. նա ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից մայիսի 9-ի առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահի անունից ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին: 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նար ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:

Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:

Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:

Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ:

Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ Շուշին ազատագրելով:

Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Բեռլինը գրավելով:

Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:

Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմներում հայ ժողովուրդը, Խորհրդային Միության և Եվրոպայի այլ ժողովուրդների կողքին հերոսաբար մասնակցեց ֆաշիզմի դեմ պայքարին:

Արդեն 20-րդ դարավերջին մեր ժողովուրդը վերստին բախվեց ծրագրված հայատյացության փաստին և այս անգամ ստիպված էր պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ:

21-րդ դարում մենք կրկին դեմ հանդիման էինք ատելությանը և էթնիկ զտումների սպառնալիքին՝ ի դեմս Արցախի դեմ ուղղված ադրբեջանաթուրքական միացյալ պատերազմի:

Այս օրերին, երբ ֆաշիզմի դեմ համաշխարհային հաղթանակի հերթական տարեդարձն է, աշխարհը նոր մարտահրավերների առաջ է: Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները՝ գիտակցելով դրանց բարձր արժեքն ու կարևորությունը:

Այդ գաղափարների համար զոհվեցին մեր պապերը Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմներում: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ և բարեմաղթանքներս հղում մեր այն վետերաններին, ովքեր կյանքի ու գործի կենդանի դասագիրք են:

Այդ գաղափարների համար իրենց զոհաբերեցին նրանց նորօրյա սերունդներն արցախյան առաջին պատերազմում: Թող լույս իջնի նրանց շիրիմներին:

Այդ գաղափարների համար իրենց կյանքը նվիրաբերեցին մեր այսօրվա հերոսներն Արցախում: Աղոթում եմ նրանց հոգիների հանգստության համար, խոնարհումս բերում նրանց հիշատակներին և շնորհակալության ու մխիթարանքի խոսքերս հղում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Աղոթում եմ մեր վիրավոր զինվորների ապաքինման, գերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների արագ հայտնաբերման համար՝ ի սպաս դնելով իմ ջանքերն ու հնարավորությունները:

Մեր սահմանները հսկող, մեր խաղաղությունը պաշտպանող և անվտանգությունն ապահովող զինծառայողներին ու կամավորներին մաղթում եմ առողջություն և անփորձանք ծառայություն:

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը: Անկախության ձեռքբերումը նույնպես ազատության ու կամքի հաղթանակն էր: Այսօր, տարիների հեռվից, այն հիշեցնում է, որ որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի:

Մենք պարտավոր ենք հաղթել: Դրա երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի:

Փա՛ռք Հաղթանակի հերոսներին:

Կեցցե՛ն Հայաստանը և Արցախը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը»: 

Loading...