20:09   12-05-2021
Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է չրագործական ընկերություն և պիստակի այգի
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու և Կողբավանում 2019 թվականին հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է չրի արտադրամաս, ծանոթացել այնտեղ ներդրված տեխնոլոգիաներին, հետևել չրերի արտադրության ու պահեստավորման գործընթացին, ինչպես նաև գործարանի լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին։

«Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սև սալորի վերամշակումն է և հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ։ Հայկ Մանուկյանի փոխանցմամբ՝ առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և ավելացնել արտահանման ծավալները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարները Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերութունը քայլեր է ձեռնարկում նաև հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշկման ուղղությամբ։  Իսկ առկա ամբողջ արտադրանքը ներկա պահին ընկերությունը պատրաստվում  է արտահանել ԱՄՆ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նաև հայտնում են, որ ընկերությունում ներդրված են թունելային վառարաններ, որոնց միջոցով էլ իրականացվում է մրգերի չորացումը։ Նախորդ տարվա կտրվածքով ընկերությունը փորձարկել է ներդրված թունելային վառարաններից մեկը և ստացել մոտ 4 տոննա ծիրանի և 50 տոննա սալորաչիր։ Ներկայումս ընկերությունը գործարկում է երկու թունելային վառարան։ Պատրաստման փուլում են ևս 10-ը, որոնցից առաջիկայում կգործարկվեն 4-ը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Նշենք, որ արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից և Չինաստանից։

Loading...